Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Պերուի նախագահ Դինա Բուլուարտեի հետ
Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի Հանրապետության նախագահ Դինա Բուլուարտեի հետ:
Ողջունելով նախագահին, Դինա Բուլուարտեն առանձնահատուկ շեշտել է, որ առաջին անգամ պատմության մեջ Պերու է այցելում Հայաստանի նախագահը, ինչը վկայում է երկու երկրների կողմից բարեկամության ու փոխգործակցության ամրապնդման ձգտման մասին և որը նոր խթան կհաղորդի երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող պետությունների միջև հարաբերությունների սերտացման և ընդլայնման համար:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում արդյունավետ փոխգործակցությունը և վերջինիս խթանման հնարավորությունների օգտագործումը: Երկու երկրների նախագահները քննարկել են մշակութային ժառանգության պահպանման և փոխադարձ ներկայացման հարցերը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ:
Անդրադարձ է կատարվել երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ քայլերն ակտիվացնելու հարցերին: Կողմերը համաձայնել են, որ վիզային արտոնությունների մեխանիզմների ներդրումը կնպաստի քաղաքացիների փոխայցելություններին և կխթանի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը՝ նպաստելով երկու պետությունների միջև մարդկային կապերի ամրապնդմանը:
Պերուի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին առաջիկայում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը՝ COP-17-ը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ մեր երկրում ուրախ կլինենք տեսնել համաժողովին Պերուի ներկայությունը հնարավոր ամենաբարձր մակարդակով:
Զրուցակիցները միանշանակ շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը: Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ կայուն զարգացումը և բարգավաճումը հնարավոր է միայն խաղաղ և կանխատեսելի միջավայրում, ինչը պահանջում է շարունակական ջանքեր միջազգային հանրության կողմից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում կարևորվել է քաղաքական խորհրդակցությունների անցկացման շարունակականությունը, ինչը մեկնարկել է նախորդ տարում: Նախագահները համաձայնել են խթանել միջգերատեսչական կապերը և աջակցել համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են երկկողմ համագործակցության ընդլայնմանը:
Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները վերահաստատել են փոխշահավետ համագործակցության զարգացման իրենց պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ Հայաստան-Պերու հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, որի իրացումը կծառայի երկու պետությունների և ժողովուրդների բարօրությանը: