Թրամփը համարում է, որ Ուկրաինայի հանքային պաշարների շուրջ համաձայնագիրը «մեռած չէ»

Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի կնքումն առաջվա նման հնարավոր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ոչ, ես այդպես չեմ կարծում», - պատասխանել է Թրամփը հարցին՝ արդյոք իր կարծիքով համաձայնագիրը «մեռած է»։
«Կարծում եմ, որ դա գերազանց գործարք է մեզ համար», - հավելել է նա:
Թրամփը շեշտել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի որոշմամբ Վաշինգտոնը Կիևին է տրամադրել 350 միլիարդ դոլարի օգնություն։
«Եվ գիտե՞ք՝ ինչ պատահեց։ Մենք ոչինչ չստացանք։ Մենք կվերադարձնենք այդ ամենը և դեռ շատ ավելին», - վստահեցրել է ԱՄՆ նախագահը` հավելելով, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են հազվագյուտ հողային մետաղները։
Թրամփը հայտնել է, որ հիշյալ գործարքի մասին կխոսի մարտի 4-ին Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում։
Դոնալդ Թրամփին նաև հարց են ուղղել, թե ինչ պետք է անի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների վերսկսման համար։
«Կարծում եմ, որ նա պարզապես պետք է ավելի երախտապարտ լինի, քանի որ այս երկիրը աջակցել է նրանց ցանկացած իրավիճակում։ Մենք նրանք շատ ավելին ենք տվել, քան Եվրոպան: Իսկ Եվրոպան պետք է տար ավելին, քան մենք», - ընդգծել է նա։
Ըստ The Hill պարբերականի՝ 2024 ֆինանսական տարվա ընթացքում Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային 183 միլիարդ դոլարի օգնության մատակարարման, իսկ Եվրոպական Միությունը ռուս-ուկրաինական հակամարտության երեք տարիների ընթացքում Կիևին է տրամադրել 145 միլիարդ դոլարի օգնություն։
ԱՄՆ-ն և Ուկրաինան պետք է հազվագյուտ հողային մետաղների համատեղ շահագործման շուրջ համաձայնագիր կնքեին փետրվարի 28-ին, սակայն կողմերի միջև Սպիտակ տանը վիճաբանություն տեղի ունեցավ և ստորագրումը ձախողվեց։ Ուկրաինական պատվիրակությունն ստիպված էր վաղաժամ լքել Սպիտակ տունը Վաշինգտոնի վարչակազմի պահանջով։