Ռուբեն Վարդանյանը մեր հայրենակիցն է, և ամեն ինչ պետք է արվի, որ վերադառնա. ԱԺ նախագահ

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը պատասխանեց հարցին՝ արդյոք իշխանության առաջնահերթ գործը չպե՞տք է լիներ հայրենիք վերադարձնել Բաքվում դատավարությանը մասնակցող գերիներին:
Սիմոնյանը նկատեց՝ ո՞վ է ասել, թե դա առաջնահերթ խնդիրներից չէ:
«Որևիցե տարբերություն չկա, թե այդ 23-ից առաջինը, երկրորդը, երրորդը թե վերջին 23-րդը, ուղղակի պետք է տեսնենք՝ որ փուլում որն է հնարավոր: Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում պայմանական, Բաքուն հայտարարել է, որ ինքը դատավարություն է անում կոնկրետ 12 հոգու դեմ, ինչ-որ տեքստեր են տարածվում, որոնց վստահել համենայնդեպս չի կարելի, էլ չեմ ասում, որ այդ տեքստերը, ցուցմունքները ճնշման պարագայում, թե որքանով կարելի է, միջազգային իրավունքից ելնելով՝ հավատալ, որ դրանք տեղի են ունենում:
Ո՞նց եք պատկերացնում. հիմա մենք բանակցություն վարենք, ասենք՝ դատարանի նիստերի դահլիճից իրենց բաց թողեք: Այո՛, անում ենք դա, բայց ես չեմ հավատում, որ իրենք այդ ամեն ինչը կազմակերպել են, որ կիսատ թողնեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավաստիացնելով, որ նրանց վերադաձնելու աշխատանքը չի դադարում:
Անդրադառնալով քննադատություններին, թե իշխանությունները գերիների վերադարձի հարցն առանձնացրել են խաղաղության պայմանագրից, ԱԺ նախագահն ասաց. «Նախ ուզում եմ հասկանալ, որ քննադատում են, այդպիսի բաներ են ասում, իրենք այսքան ժամանակ ի՞նչ են արել՝ բացի քննադատելուց և բացի հարևան երկրի ԶԼՄ-ներին և հատուկ ծառայություններին առիթ տալուց, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետությունում հիբրիդային ինչ-որ բաներ հրահրեն։
Երկրորդը՝ ո՞վ ասեց, որ խաղաղության պայմանագրի մեջ պետք է նման կետ լիներ: Էլ չեմ ասում՝ ով ասեց, որ նման կետ կար, և դա դուրս է հանվել հայկական կողմից: Իսկ ո՞վ ասաց, որ, օրինակ, եթե Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որտեղ որ կա երեք երկրի ղեկավարի ստորագրություն, այդ թվում՝ ՌԴ նախագահի ստորագրությունը, որտեղ ասվում է, որ բոլոր պահվող անձինք պետք է վերադարձվեն, ինքը այդ կետը չի արել, հիմա մենք պետք է ևս մեկ փաստաթղթում՝ խաղաղության պայմանագրում պայման դնենք, և ինքը այդ կետը կկատարի: Ինքը (Ադրբեջանը - խմբ.), չակերտավոր ասած, այդ լծակը օգտագործել է և շարունակում է օգտագործել քաղաքական առևտուր անելու համար, ինչը արվեց COP29-ի ժամանակ։
Ինքը դա չի անելու: Եկեք, ժողովրդական լեզվով ասած, ծուռը նստենք, դուզը խոսենք։ Կարելի է անընդհատ մանիֆեստային և կենացային և լավը թվալու համար տեսախցիկների առաջ ասել բացարձակ ճշմարտություններ, բայց դրանք գործնականում բան չունեն»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Ըստ նրա՝ խաղաղության պայմանագրի մեջ դա գրելը պիտի ենթադրի նաև փոխադարձության սկզբունք, իսկ մենք մենք գերի չունենք այս պահին, որ նաև փոխադարձությամբ հետ տանք:
«Էլ չեմ ասում՝ խաղաղության պայմանագիրը կնքում ես ու գերիներին պահո՞ւմ ես: Ես կարծում եմ, որ դա անհամատեղելի է»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ, հարցին ի պատասխան՝ արդյոք դա չբարդացրե՞ց իրավիճակը, Սիմոնյանը պարզաբանեց՝ Ռուբեն Վարդանյանի գործուղված լինելու-չլինելու փաստը չի փոխում այն հանգամանքը, որ ինքը մեր հայրենակիցն է, և ամեն ինչ պետք է արվի, որ ինքը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է:
«Դա որևիցե բան չի փոխում: Երկրորդ՝ դրա մասին եղել են հրապարակումներ մամուլում: Երրորդը՝ վերջինը, ամենակարևորը. իսկ ձեզ թվում է՝ ինչ-որ մեկի ինչ-որ տեղ տեղաշարժվելը Ադրբեջանի համար պետք է հայկական մամուլի կամ ինչ-որ մեկի հայտարարության հիման վրա՞ լինի: Իրենք չգիտե՞ն, օրինակ, ինչ-որ մեկը գործուղվե՞լ է, թե՞ չի գործուղվել: Եթե նպատակ կա, եթե գաղափար կա ինչ-որ մեկին վերադարձնեն, ինչ-որ մի առևտուր անեն, ոչ մեկը չի նայում այդ տալուն, չտալուն և այլն»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք Բաքվում հայ գերիների դատավարությունը դատավարություն չէ՞ Հայաստանի դեմ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Համարում եմ, որ դա դատավարություն չէ, ես վստահ չեմ, որ ժողովրդավարության նման մակարդակ ունեցող երկրում փակ դատավարությունների պարագայում, այդ տեսարանների պարագայում որևիցե միջազգային հանրություն կամ միջազգային դատարան կամ միջազգային գործիչ կարող է դրական գնահատական տալ, որ այդ դատավարությունը իրավական ուժ ունի։
Դուք տեսե՞լ եք այն գնահատականները, որոնք տրվել են ոչ հայ քաղաքացիների, այլ այդ երկրում ընդհանուր առմամբ դատավարություններին: Նման մեկնաբանություն անելը անտեղի եմ համարում:
Հայաստանի մասով. ՀՀ դեմ բոլոր կողմերից արվելու է այն ամեն ինչը, ինչը որ մենք թույլ տանք, որ իրենք անեն, մենք թույլ չենք տալու, և դրանով են պայմանավորված հաճախակի պատասխանները, հաճախակի հարցազրույցները, ամեն ինչին մեկնաբանություն տալը, ամեն ինչին արձագանքելը, ամեն ինչի հետ կապված լուծումներ գտնելու փորձերը:
Դա թուլություն չէ, դա ամենաուժեղ բանն է, և մեզանից հենց այդ թուլությունն էին սպասում, մեզանից սպասում էին, որ մենք կմտնենք մի դաշտ, որտեղ հնարավոր կլինի Հայաստանին մեղադրել դեստրուկտիվության մեջ, որ ինքը իրավիճակը տանում է փակուղի:
Ոչ, Հայաստանը չի պատրաստվում որևիցե պարագայում իրավիճակը տանել փակուղի»: