31 զոհ, 22 վիրավոր․ Բոլիվիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը

Բոլիվիայի հարավում առնվազն 31 մարդ է զոհվել, ևս 22-ը՝ վիրավորվել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։
Փոխադրամիջոցները խճուղում բախվել են մարտի 3-ին: Հարվածի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել մոտ 500 մ խորությամբ հեղեղատը։ Ավտոբուսը մեկնում էր Պոտոսի քաղաք Օրուրո քաղաքից, որտեղ այս օրերին տեղի է ունենում երկրում ամենահայտնի կառնավալը։
Բեռնատարի վարորդը ձերբակալված է: Ոստիկանությունը հետաքննում է պատահարի հանգամանքները։
Սա Բոլիվիայում երկրորդ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարն է վերջին օրերին։ Մարտի 1-ին 37 մարդ էր զոհվել Ույունի քաղաքի մոտ երկու ավտոբուսների բախման հետևանքով։ Փոխադրամիջոցներից մեկն ուղևորվում էր Օրուրո: