Ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը Հայաստանում 27.7 տոկոս է․ ԱՆ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7 տոկոս: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը կազմումը է շուրջ 50 տոկոս:
Մասնագետների պնդմամբ՝ Ճարպակալումը կտրուկ մեծացնում է ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ռիսկը` սրտանոթային, շաքարային դիաբետ, քաղցկեղ, նյարդաբանական խանգարումներ, քրոնիկական շնչառական հիվանդություններ, ինչպես նաև` մարսողական խանգարումներ:
Ավելորդ քաշը և ճարպակալումը էներգիայի ընդունման (սննդակարգի) և էներգիայի ծախսման (ֆիզիկական ակտիվություն) միջև անհավասարակշռության հետևանք են: Այն կարող է առաջանալ բազմաթիվ գործոնների համադրմամբ, այդ թվում՝ ժառանգական, հորմոնալ, սննդակարգային, ֆիզիկական թերակտիվության, հոգեբանական և սոցիալական հանգամանքների հետևանքով:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ ավելորդ քաշի առկայությունը մանկության և պատանեկության հասակում ուղղակիորեն ազդում է երեխաների և դեռահասների առողջության վրա և ավելի ուշ տարիքում ուղեկցվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ: Այն թողնում է նաև հոգեբանական հետևանքներ. ազդում է կյանքի որակի վրա, դառնում խտրական վերաբերմունքի պատճառ:
«Ավելորդ քաշից խուսափելու նպատակով անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ՝ բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, սահմանափակել բարձր կալորիականությամբ, տրանսճարպեր, ճարպեր, աղ, շաքար պարունակող սննդամթերքի և շաքար պարունակող ըմպելիքների ընդունումը, օգտագործել առողջ սնունդ (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ամբողջական հացահատիկներ և ընկուզեղեն), հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, պահպանել քաշի ավելացման նորմերը հղիության ընթացքում, նորածնին առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրել, հետևել երեխաների սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը՝ անկախ երեխայի ներկայիս մարմնի քաշից»,-նշել են նախարարությունից:
Ճարպակալման կանխարգելումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է։ Իրականացվում են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված արշավներ ինչպես առողջ սննդակարգի, այնպես էլ` ֆիզիկական ակտիվության խրախուսման ուղղությամբ։