ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարը պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայերի անհապաղ ազատ արձակումը

Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում մարտի 3-ին ներկայացրած իր համապարփակ զեկույցում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ ազգությամբ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ «նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Բարձր հանձնակատարն ընդգծել է նաև, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին», որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը բերել։