Վիզաների ազատականացման երկխոսությունը խոսակցությունների մակարդակից անցել է գործնական փուլի. ՆԳ նախարար

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը ՀՀ-ԵՄ ավելի լայն համագործակցության մաս է, որը վերջին տարիներին էական զարգացում է ապրել։ Այս երկխոսությունը մի կողմից բերելու է համապատասխան պայմանների ապահովմամբ վիզաների ազատականացմանը, մյուս կողմից՝ կպահպանի շարունակական ջանքերը՝ աջակցելու Հայաստանի համապարփակ բարեփոխումների օրակարգին մասնավորապես այն ոլորտներում, որոնք վճռորոշ են ապագայում առանց վիզայի ԵՄ ճամփորդության համար։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը`ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը։
«Այդպիսի ոլորտներն են անձը հաստատող փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Այսինքն՝ սա նաև հնարավորություն է մեզ համար նշված ոլորտներում բարձր ստանդարտներ ապահովելու և առավելագույնս քաղաքացիակենտրոն ծառայություն մատուցելու համար։
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության այս փուլում խոսակցությունների մակարդակից անցում է կատարվել գործնական փուլի, ինչը նշանակում է, որ մշակվում է գործողությունների կոնկրետ ծրագիր, որում նախատեսված քայլերի իրագործումը պետք է մեզ տանի վիզաների ազատականացմանը։ Գործողությունների ծրագիրը չբանակցվող փաստաթուղթ է լինելու, որը տրամադրելու է եվրոպական կողմը։
Այդ գործողությունների ծրագրի մշակումն ընթանում է մեզ հետ քննարկումների, Հայաստան առաքելությունների գործուղման միջոցով։ Արդեն իսկ ԵՄ առաջին առաքելությունը եղել է Հայաստանում, դրա շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել պատասխանատու գերատեսչությունների հետ, իրականացվել են այցեր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ, սահմանային և մաքսային կետեր, դիտարկվել են անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության, սահմանների համալիր կառավարման և միգրացիոն կառավարման բաղադրիչները։
Հաջորդ առաքելությունը կենտրոնանալու է մյուս բաղադրիչների վրա։
Քանի որ եվրոպական կողմի հետ պարբերաբար ունենում ենք շփումներ թե՛ մեր ունեցած արդյունքների, թե՛ դեռևս լուծում պահանջող հարցերի մասով, ինչպես նաև ուսումնասիրել ենք ԵՄ-ի հետ նման փորձառություն ունեցած երկրների օրինակը, պետք է նկատել, որ գործողությունների ծրագիրն անակնկալ փաստաթուղթ չի կարող լինել մեզ համար, հետևապես մնում է այն ստանալուն պես շարունակել առավելագույնս ջանք գործադրել համապատասխան ուղղություններով»,- մանրամասնել է նախարարը։