«Ամաչում եմ, որ այս անճարության պատճառով կարող ենք իր կյանքը կորցնել». կոչ Վարդանյանին, ցույց Երևանում
Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ սկսած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը երրորդ գիշերը կդիմավորի Ազատության հրապարակում: Առավոտյան վատացել էր նրա առողջական վիճակը, շտապօգնություն էր եկել: Բժիշկները ճնշման տատանում էին արձանագրել, դեղ տվել, հորդորել դադարեցնել հացադուլը: Արդեն օրվա երկրորդ կեսին Թանդիլյանի վիճակը կայունացել էր:
«Հորդորելն ինձ իմաստ չունի, ես գիտեմ՝ ինչի համար է և ինչ կարևոր բանի համար է, որովհետև պետք է հասկանալ, թե ինչ մարդ ենք կորցնում Բաքվի բանտում ամեն օր: Նրա հացադուլն արդեն այն փուլում է, որ իր կյանքի վրա անդառնալի հետք է թողնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա, շարունակելով, - «Ռուբեն Վարդանյանի կյանքի կորուստը.... ամեն հայ պիտի ամոթ զգա, որ դա կարող է պատահել Բաքվի բանտում հատկապես: Ես ամաչում եմ ուղղակի գիտակցել, որ այս անզորության, անճարության հետևանքով, որի պատճառով նա սկսել է իր հացադուլը, մենք կարող ենք իր կյանքը կորցնել»:
Մանե Թանդիլյանը մարտի 1-ից է Ազատության հրապարակում:
Իր այս քայլով նա խնդրում է Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարարին դադարեցնել հացադուլը։
«Սա զուտ խնդրանք է իրեն վերադառնալ Հայաստան, պահպանել առողջությունը, դիմանալ, որովհետև ինքը թանկ է յուրաքանչյուր հայի համար», - նկատեց երկու համախոհների հետ սննդից հրաժարված Թանդիլյանը, որ հույս ունի՝ Վարդանյանը կտեղեկանա իրենց քայլի մասին ու կանսա իրենց խնդրանքին. «Վաղն էլ դատավարությունն է իր, ենթադրում եմ՝ մինչև այդ էլ կապ չի լինի: Ամեն դեպքում հուսով եմ, որ ինչ-որ մի պահի կապ լինելու է չէ՞, հասնելու է»:
Ադրբեջանական բանտում իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Արցախի նախկին պետնախարարն արդեն երկու շաբաթ է՝ հացադուլի մեջ է: Նրա համախոհները, ամերիկացի փաստաբանը հայտարարում են, որ նրա կյանքը վտանգված է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։