Ինչու հեռացավ Բենզեման Ռեալից․ ֆրանսիացին բացել է փակագծերը

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է «արքայական» ակումբից հեռանալու որոշման և Սաուդյան Արաբիա տեղափոխվելու պատճառների մասին։
Էդու Ագիրեին տված հարցազրույցում ֆրանսիացին ասել է, որ նախ զանգահարել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին և հայտնել իր որոշման մասին։ Մադրիդյան ակումբի ղեկավարը նրան սկզբում չի հասկացել, սակայն Բենզեման վստահեցրել է, որ թիմի երիտասարդ աստղերն արդեն պատրաստ են ստանձնել պատասխանատվությունը։ Նա նաև բացատրել է, թե ինչու է ընտրել Սաուդյան Արաբիան։
«Ես ցանկանում էի հեռանալ բարձր նոտայով՝ բոլոր տիտղոսներով և «Ոսկե գնդակով»: Ոչ ոք չգիտի, թե ինչպես հանդես կգայի ես հաջորդ մրցաշրջանում։
«Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, և ես չէի ցանկանում գնալ այնպիսի թիմ, որը կարող էր հանդիպել «Ռեալին»»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ալ-Իթիհադի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։