Ավտովթար-հրդեհ՝ Լոռիում․ վիրավորները ամուսիններ են, կինն էլ հղի է

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և «DAF» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին վառվող «Toyota»-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Փրկարարները մարել են «Toyota»-ում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են, կինն էլ հղի է։
Տեղում աշխատել է նաև Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի խումբը՝ ավագ հրահանգիչ Վաչագան Եղիազարյանի և օրվա պատասխանատու, փրկարարական ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ։