Ձուկը պոչից բռնել տեսե՞լ եք, ձուկը գլխից են բռնում ու հենց խռիկներից. տնտեսվարողը՝ Պապոյանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է շրջանառության հարկի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողների հետ և հայտնել, որ պետությունը ցանկանում է, որպեսզի գործարարները փաստաթղթավորված աշխատեն, ինչի շնորհիվ հարկային բեռը մեծ չի լինի։
«Այս հանդիպման ընթացքում չեմ ակնկալում, որ ձեր բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն, որովհետև դրանց մեծ մասին արդեն պատասխանել ենք։ Իմ կարծիքով` և՛ փաստարկների, և՛ հակափաստարկների մեջ ճշմարտություններ կան։ Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը երբեմն որոշ խոշոր բիզնեսմենների մեջ է, որոնք հաճախ աշխատում են չփաստաթղթավորված ու իրենց հետևից մյուսներին էլ տանում են չփաստաթղթավորման։ Ես այսօր չեմ փորձի պետության փաստաբանը լինել, ոչ էլ կփորձեմ ձեզ հաճոյախոսել` թե այսպես կամ այնպես կանենք»,- ասել է նախարարը:
Տնտեսվարողներից մեկն էլ նկատել է՝ ինչքան պետք է փոքր տնտեսվարող կոտորվի, մինչև հերթը մեծին հասնի:
«Ձուկը պոչից բռնել տեսե՞լ եք, ձուկը գլխից են բռնում ու հենց խռիկներից։ Կամ հենց մեր էպոսում էլ է ծերունին Սասունցի Դավթին ասում՝ կռիվ ունես Մըսրա Մելիքի հետ արա: Ինչո՞ւ եք փոքրին նեղում, որ մեծին բռնեք: Ինչքա՞ն փոքր պետք է «կոտորեք», որ մի հատ մեծ բռնեք»,- ասել է տնտեսվարողներից մեկը։
Ընդհանուր առմամբ, Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ավարտին տնտեսվարողները նշել են, որ դժգոհ են և չեն ստացել իրենց հարցերի լիարժեք պատասխանները: