Շրջանառության հարկ վճարողները 2025-ի առաջին և երկրորդ եռամսյակների համար կստանան աջակցություն

ՀՀ Կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության ծրագիրը։
Տնտեսվարողների համար ապահովվում է համաչափ հարկային բեռ
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 2025 թ. հունվարի 1-ից վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի, այսինքն առևտրային գործունեությունից ստացվող եկամտի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի չափը (4 տոկոսից դարձել է 9.5 տոկոս): Հետևաբար, շրջանառության հարկ վճարողների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված ձեռքբերումները՝ 2025 թվականի ընթացքում իրացնելու դեպքում առաջանում է լրացուցիչ հարկային բեռ, քանի որ այդ ձեռքբերումների գծով շրջանառության հարկի գումարից նվազեցումներն արդեն կատարվել են 4 տոկոսի չափով:
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության ծրագրով՝ շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում տնտեսվարողների համար նախատեսվում է ապահովել համաչափ հարկային բեռ:
Աջակցության ծրագրի շահառուները
Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին.
- 2024 թվականին իրականացրել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն:
- 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ևս հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ:
- Կատարել են 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով հայտարարագրված՝ շրջանառության հարկի գծով պարտավորությունները։
- 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների արդյունքներով առևտրական գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի 5 տոկոսը կամ համապատասխան եռամսյակի արդյունքներով հարկային մարմին ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներով առկա է հայտարարագրված՝ նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։
- Դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացրել առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ, այսինքն՝ ապրանքի անվանման, չափման միավորի, քանակի, առանձին դեպքերում՝ ԱՏԳ ԱԱ-ի (4 նիշ) վերաբերյալ։
Աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար: Այն տրամադրվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող հարկման բազայի՝
1) 5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով,
2) 1.5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում՝ նշված լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները, ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար, պետք է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն դիմում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Դիմումի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։
Հարկային մարմին դիմում ներկայացնելու ժամկետները
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի 1-ին եռամսյակի համար դիմումը կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ: Ընդ որում, տնտեսվարողները մինչ դիմումն ուղարկելը պետք է արդեն իսկ ներկայացրած լինեն համապատասխան եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկները։
Հարկային մարմնի կողմից դիմումը ստանալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում ստուգվում են տվյալ տնտեսվարողին շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին համապատախանելու հիմքերը, կատարվում է աջակցության գումարի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական և ներկայացվում է գանձապետարան։ Իսկ դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում շահառուների ցանկում ընդգրկվելու պայմաններին, ինչի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտը ծանուցվում է 1 ամսվա ընթացքում՝ էլեկտրոնային փոստի հասցեին հետադարձ ծանուցման միջոցով:
Գանձապետարան վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է շահառուի բանկային հաշվին: