Աջափնյակում հին, չգործող կաթսայատանը հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 41 Ա շենքի բակում գտնվող շինությունում կրակ և ծուխ է նկատվում, հայտնում է Shamshyan.com-ը:
Փրկարարները նախ կանխել են նշված բակում գտնվող, սակայն չշահագործվող, ԽՍՀՄ տարիներից եղած կաթսայատանը կուտակված աղբում առաջացած կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, ոոր տարածքը գազաֆիկացված չէ:
Հրդեհի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ խնդրում ու պահանջում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին, որպեսզի այս տարածքը, ըստ իրենց՝ քարե անպետք շինությունը, որն ավելի շատ աղբավայր է հիշեցնում, ապամոնտաժեն, քանդեն, քանի որ այն չի ծառայում այլևս բուն նպատակին, ու փոխարենը երեխաների համար կարող են ստեղծել բարվոք ու հարմարավետ խաղահրապարակ: