Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել Գազայի հատվածի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերի վրա

Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազայի մի քանի շրջանների, ինչպես նաև գործողություններ են անցկացրել Հորդանան գետի Արևմտյան ափին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պաղեստինյան WAFA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոնում իսրայելական ուժերի կողմից արձակված գնդակից երկու քաղաքացի է զոհվել։
Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական բանակը թույլ չի տալիս Ռաֆահի բնակիչներին վերադառնալ իրենց տները Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց վեց շաբաթ անց: Բանակը քաղաքի տարածքի շուրջ 60%-ը հայտարարել է «վտանգավոր արգելված գոտի», այսինքն՝ այնտեղ ցանկացած տեղաշարժ, ըստ հրապարակման, «դիմավորվում է հրետանային կրակով, դիպուկահարների հարձակումներով և օդային ռմբակոծություններով»։ Ռաֆահի 300 000 բնակիչներից մոտ 200 000-ը դեռ չեն կարողանում վերադառնալ քաղաք:
Բացի այդ, հաղորդվում է, որ Իսրայելը երկու հրթիռ է արձակել Գազայի հատվածի Խան Յունիսից արևմուտք գտնվող Ալ-Մաուասի շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 քաղաքացի է վիրավորվել։
Միևնույն ժամանակ, Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Կալկիլիայում 45-ամյա մի քաղաքացի է վիրավորվել իսրայելական ուժերի արձակած գնդակից, իսկ Ջենին ճամբարի մոտ արձակված արցունքաբեր գազից երեք ամսական երեխա է տուժել։
Ըստ պաղեստինյան աղբյուրների՝ հունվարի 21-ից ի վեր Ջենինում իսրայելական ուժերի լայնածավալ գործողությունների ընթացքում սպանվել է առնվազն 27 մարդ և ավերվել տեղի բնակիչների ավելի քան 120 տուն։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով սպանվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 48 000-ը, տեղահանվել է Գազայի գրեթե ողջ բնակչությունը և տարածքի մեծ մասը վերածվել է փլատակների։ 2025 թ․ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Չնայած համաձայնագիրը գործում է վերջին վեց շաբաթվա ընթացքում՝ կողմերը մեկը մյուսին մեղադրում են այն խախտելու մեջ։