Մարդու իրավունքների պաշտպանը ամփոփել է Ձմեռային դպրոցի առաջին ծրագիրը

Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին ծրագրի ավարտական միջոցառումը տեղի է ունեցել մարտի 1-2-ը Ծաղկաձորում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող ուսանողներին ողջունել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Որպես բանախոս հանդես են եկել նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը:
«Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի սիրելի մասնակիցներ, ծրագրի ողջ ընթացքում դուք հնարավորություն եք ունեցել այցելելու տարբեր պետական մարմիններ, ունենալու հետաքրքիր հանդիպումներ ինչպես այդ կառույցների ղեկավարների, այնպես էլ ոլորտի լավագույն մասնագետների հետ, մասնակցելու մարդու իրավունքներին առնչվող բազմապիսի քննարկումների։
Այս ողջ ընթացքում անձամբ եմ հետևել պրոցեսին և հպարտությամբ եմ արձանագրում, որ Ձմեռային առաջին դպրոցը հաջողել ենք և այն եզրափակում ենք ծրագրի շարունակականության հետ կապված նոր գաղափարներով։ Վստահ եմ, որ այս երկու շաբաթների ընթացքում ստացած գիտելիքները մեծ պատասխանատվությամբ կօգտագործեք ապագայում՝ մասնագիտականան ճանապարհին հանդիպող տարբեր իրավիճակներում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ՄԻՊ աշխատակազմին և մեր գործընկերոջը՝ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին` ծրագրի իրականացումը մեծ պատասխանատվությամբ ապահովելու համար»,- ասել է Պաշտպանն իր բացման խոսքում:
Երկօրյա միջոցառման ընթացքում ուսանողներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝ Մարդու իրավունքների կիրարկման մեխանիզմներն ու փոփոխությունները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի դերը, մեխանիզմներն ու արդյունավետությունը, Սահմանադրական դատարանի դիրքորոշումների ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա. Անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտը ՀՀ-ում, Մարդու իրավունքների եվրոպական համակարգը (Մարդու իրավունքների եվրոպական դատարան). Դատական մոնիթորինգը, որպես արդար դատաքննության իրավունքի ապահովման երաշխիք:
Միջոցառման շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է ՄԻՊ առաքելությանը, այդ թվում՝ հաջողություններին և մարտահրավերներին:
Միջոցառումն ամփոփվել է ոլորտային թեմաների շուրջ հարցուպատասխանով: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուսանողներին հանձնել է հավաստագրեր:
Նշենք, որ Ձմեռային դպրոցը ներառել է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Այն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։