Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաինտեգրման գործընթացում. Զեյնալյան

«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խումբը կարծում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հավաքական արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտներն են:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նման դիրքորոշում հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նկատեց՝ օրենքի քննարկման ընթացքում բազմաթիվ են եղել անդրադարձները նրան, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանին դիվերսիֆիկացնել իր անվտանգային միջավայրը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք այդ իմաստով որևէ փոփոխություն եղե՞լ է դիրքորոշումների մեջ՝ վերջին երկու շաբաթվա զարգացումների համատեքստում: Ըստ Գևորգյանի՝ ԵՄ-ն ինքը գտնվում է բավականին բարդ վիճակում, ինչը չեն թաքցնում:
«Մենք ավելի ամրապնդում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաիտեգրման գործընթացի արդյունքում, նաև պրոցեսի ընթացքում: Եթե անցած տարվա սեպտեմբերի 21-ին համապետական հանրաքվե նշանակած լինեինք, ինչն առաջարկել էինք խորհրդարանական լսումների ժամանակ, ապա հիմա շատ ավելի շահեկան վիճակում կլինեինք»,-ասաց Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ պետական անվտանգությունը բազմաբաղադրիչ է, և ռազմական բաղադրիչն ընդամենը անվտանգության բաղադրիչներից մեկն է: «Եվ մեր համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը հավաքական Արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտներն են, որոնք ապահովում են իրենց ժողովուրդների ազատությունն ու իրավունքները: Պետության գոյության իմաստն ու նպատակը մարդու իրավունքների, ազատությունների երաշխավորումը, ապահովումն ու պաշտպանությունն է»,–ասաց նա՝ տեսակետ հայտնելով, որ դա չկա որևէ այլ կառույցում, որին անդամակցում է Հայաստանը՝ բացառությամբ Եվրոպայի խորհրդի:
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնությունը օրենքի նախագծին ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու հարցով ստորագրահավաք էր նախաձեռնել՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքելով 60 հազար ստորագրություն: Նախագծին առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր: