2020-2024-ին պետպատվերի շրջանակներում կատարվել է 106 երեխայի կոխլեար փոխպատվաստման վիրահատություն. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է: Յուրաքանչյուր մարդ պետք է ձեռնարկի քայլեր պահպանելու իր և շրջապատի լսողությունը: Տարվա կարգախոսն է` «Փոխիր կարծրատիպերը, դարձրու ականջների և լսողության առողջությունն ու խնամքը առաջնահերթություն»:
Օրվա խորհուրդն է բարձրացնել իրազեկվածությունը լսողության խնամքի կարևորության մասին՝ փոխելով վարքագիծը.
- պաշտպանել լսողությունը բարձր աղմուկից,
- կանխել լսողության կորուստը,
- պարբերաբար ստուգել լսողությունը,
- օգտագործել լսողական սարքեր, եթե անհրաժեշտ է,
- աջակցել լսողության խնդիրներ ունեցող անձանց։
Աշխարհում յուրաքանչյուր 1000 նորածնից 1-ը ծնվում է խլությամբ, իսկ 2-ի մոտ լսողության կորուստը զարգանում է կյանքի առաջին երկու տարում։
Լսողության կորուստ ունեցող երեխային ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը կարևոր գործոն է նրա մտավոր, հոգեհուզական և խոսքի զարգացման առումով:
Հայաստանում պետական պատվերի շրջանակներում իրականացվում է լսողության նորածնային սքրինինգ, որն ուղղված է լսողության խանգարման կասկած ունեցող երեխաների վաղ հայտնաբերմանը:
IV աստիճանի ծանրալսության և խլության դեպքում լսողության վերականգնման արդյունավետ միջոցը կոխլեար փոխպատվաստումն է, որը վիրահատական միջամտությունից բացի նաև հետվիրահատական երկարատև և աշխատատար վերականգնողական միջոցառում է պահանջում:
Առողջապահության նախարարությունը ստանձնել է պարտավորություն և փոխհատուցում է վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ընթացքի արժեքը: 2020 թվականից մինչև 2024 թվականը պետական պատվերի շրջանակներում կատարվել է 106 երեխայի կոխլեար փոխպատվաստման վիրահատություն: