Բժիշկների նկատմամբ բռնությունները մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից են․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամոթալի է համարում շտապօգնության աշխատակիցների ու բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում Տիգրան Ավինյանը տարօրինակ ու ամոթալի համարեց բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը:
«Բժիշկների նկատմամբ բռնությունները մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից են, և, անկեղծ ասած, դրանք լավ բան չեն վկայում մեր մասին, մեր հանրության մասին: Այդ առումով, կարծում եմ, մենք դրա մասին բարձրաձայնելու, հաճախակի խոսելու կարիք ունենք: Ամեն նմանատիպ դեպք պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի և՛ խոսքով, և՛ մասնավորապես իրավապահ համակարգի կողմից, որովհետև բժիշկներն իրականացնում են իրենց ծառայությունը և իրենց նպատակը կյանքեր փրկելն է»,-ընդգծեց Ավինյանը՝ անթույլատրելի համարելով բժիշկների նկատմամբ նման դրսևորումները:
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։
Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։
Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։
37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված»,- մանրամասներ է ներկայացրել Ոստիկանությունը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։