ՏԿԵ նախարարը հետևել է Սյունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

«Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էի` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին», - Ֆեյսբուքում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
ՏԿԵ նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ հետևել է մի շարք աշխատանքների կատարման ընթացքին:
«Առաջին կանգառը պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումն էր: Այստեղ ավելի քան 414 միլիոն դրամով իրականացվում է 2 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, կառուցվում են մայթեր, հենապատեր։
Այնուհետև ծանոթացանք Մ-12 - Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10․1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է 2.3 միլիարդ դրամ:
Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են. նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում, վերանորոգում և ճանապարհի կահավորում։
Ներքին Խնձորեսկում հանդիպել եմ նաև բնակիչների հետ, զրուցել, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը:
Այցելել եմ նաև Տեղ բնակավայր, որտեղ ծանոթացել եմ պետական բյուջեից 16 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվող տների շինաշխատանքների ընթացքին:
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղում հետևել եմ նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի՝ Տրանշ 4 - Քաջարան֊Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի և թունելի կառուցման աշխատանքներին:
Այս պահին ակտիվ շինարարություն է իրականացվում: Աշխատանքներում ընդգրկված են շուրջ 240 աշխատակից և 142 միավոր տեխնիկա։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ II տեխնիկական կարգի (80 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) ճանապարհահատվածի վերակառուցումը, ինչպես նաև կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։
Մեղրի համայնքում ևս հետևել եմ մի շարք աշխատանքների կատարման ընթացքին:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել ենք Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ 13․1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման շինհրապարակ, հետևել Նռնաձոր բնակավայրի նոր մանկապարտեզի կառուցման, բնակավայրում տների կառուցման աշխատանքների ընթացքին։
Այցելել ենք Նռնաձորի գյուղատնտեսական կոոպերատիվ, որտեղ հիմնվել են նռան և արքայանարնջի այգիներ, ծանոթացել ենք կոոպերատիվի գործունեությանը։
Նռնաձոր բնակավայրում հանդիպել ենք բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել բնակիչների հարցերին»,- գրառման վերջում նշել է Խուդաթյանը։