Էրդողանը սպառնում է վերսկսել գործողությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջին անգամ ելույթ ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հրադադարի մասին հայտարարելուց հետո, սպառնացել է վերսկսել գործողությունները ՔԱԿ-ի դեմ, եթե կուսակցությունը դիմի խարդախության կամ հետաձգի գործընթացը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված եւ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի հետ հրադադարի մասին՝ ի պատասխան նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին, որը ցմահ պատիժ է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում:
Միաժամանակ ՔԱԿ-ն հայտարարեց, որ պատրաստ է համագումար հրավիրել, որտեղ կքննարկի ինքնալուծարման հարցը, բայց միայն իր ղեկավարի անձնական ներկայությամբ։ Օջալանն ավելի վաղ կոչ էր արել զինյալներին համագումար հրավիրել և դրա արդյունքներից հետո հայտարարել կուսակցության ինքնալուծարման և նրա ստորաբաժանումների զինաթափման մասին։ ՔԱԿ-ն ընդգծել է, որ հրադադարն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ ոչ ոք չի հարձակվել ՔԱԿ-ի ստորաբաժանումների վրա։
«Մենք մեղավոր չենք լինի, եթե մեզ տված խոստումները չկատարվեն, եթե փորձեն դիմել այնպիսի հնարքների, ինչպիսիք են հետաձգումը, քողարկումը, եթե փորձեն թոզ փչել մեր աչքերին... Եթե հարկ լինի, մենք մեր ներկայիս գործողությունները կվարենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք ոչնչացրել վերջին ահաբեկչին և քարը քարի վրա չենք թողել ։ Երկրի եւ ազգի շահերը վեր են ցանկացած հաշիվներից», - հայտարարել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով իֆթարում (երեկոյան զրույց)։
Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչները հինգշաբթի ընթերցել են բանտում ցմահ պատիժ կրող ՔԱԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ խմբավորման զինյալներին ուղղված դիմումը։ Նա կոչ է արել նրանց ցրվել և զինաթափվել։
Քրդական «PYD» (Ժողովրդավարական միություն կուսակցություն) զինված խմբավորումներն այնուհետև հայտարարեցին, որ պատրաստ են վայր դնել զենքերը, եթե իրենց թույլ տան քաղաքական գործունեություն ծավալել Թուրքիայում։ Թուրքիայի կառավարությունն ակնկալում է, որ ՔԱԿ-ի լուծարումը կտևի երկու-երեք ամիս, հայտնում է CNN Türk-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Օջալանը բանտից նման կոչ է անում ՔԱԿ-ին։ ՔԱԿ-ի հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։