Երկրպագուների պահվածքի պատճառով «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ. ՀՖՖ

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:
«Մենք դատապարտում ենք երկրպագուների խմբերի նման վարքագիծը՝ դրա մեջ տեսնելով հայկական ֆուտբոլին վնաս հացնելու միտում: Կոչ ենք անում զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից՝ հանդիպումների ընթացքում զբաղվելով բացառապես մեր թիմերին երկրպագելով»,- նշված է հաղորդագրության մեջ: