Citigroup-ը սխալմամբ հաճախորդի հաշվին փոխանցել է 81 տրիլիոն դոլար

Ամերիկյան Citigroup բանկը պատահաբար հաճախորդի հաշվին փոխանցել է 81 տրիլիոն դոլար՝ նախատեսված 280 դոլարի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times-ը։
Հաղորդվում է, որ սխալ ներբանկային վճարումը կատարվել է 2024 թվականի ապրիլին, սակայն դրա մասին հանրությանը հայտնի է դարձել գրեթե մեկ տարի անց։ Ընդ որում, ոչ վճարումը կատարած աշխատակիցը, ոչ էլ այն ստուգող պաշտոնյան չեն նկատել սխալը։ Վճարումը հայտնաբերվել է միայն մեկուկես ժամ անց՝ երրորդ աշխատակցի կողմից, ինչից հետո ևս մի քանի ժամ պահանջվել է այն չեղարկելու համար։
Տեղի ունեցածի մասին Citigroup-ը տեղեկացրել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին և դրամաշրջանառության վերահսկիչի վարչությանը։ Բանկը շեշտել է, որ սխալ փոխանցված միջոցները չեն հասցրել դուրս գալ համակարգից, և բանկը չի կրել ֆինանսական կորուստներ։