Հնդկաստանն ու Եվրամիությունը կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել են ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու իրենց հանձնառության մասին:
Մոդին հայտարարել է, որ բանակցային թիմերին հանձնարարվել է մինչև այս տարվա վերջ կնքել փոխշահավետ երկկողմ ազատ առևտրի համաձայնագիր:
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրոպան և Հնդկաստանը միավորվում են, և դա շատ կարևոր իրադարձություն է: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ազատ առևտրի համաձայնագիրը պատրաստ կլինի մինչև տարեվերջ:
«Եվրոպայի համար Հնդկաստանը որոշակիության հենարան է՝ աստիճանաբար ավելի անորոշ դարձող աշխարհում: Մենք գիտենք, որ ավտորիտար պետություններն ավելի համարձակ են դառնում, անտեսում են սահմանները, սպառնում խաղաղությանը: Այժմ ժամանակն է ուժեղացնելու մեր անվտանգության և պաշտպանության համագործակցությունը ցամաքում, ծովում և տիեզերքում»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ կողմերը պաշտպանության ոլորտում ևս համագործակցության ուղիներ են դիտարկում: