Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած

Փետրվարի 28-ին, ժամը 16:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին` գնացքի գծերի և ավտոճանապարհի հատման հատվածում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ձյուն մաքրող գնացքին. վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և արգելափակվել։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։