Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Mitsubishi»-ում, ինչից վնասվել է հարևանությամբ կայանված 2 «BMW X5»

Այսօր՝ փետրվարի 28-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի 1/6 հասցեի դիմաց կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են հարևանությամբ կայանված 2 «BMW X5» մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վարորդը գնացել է գազ լիցքավորել ու գազի «զապռավկում» հոտ է առել ու մտածելով, որ «կապոտի» տակի «շլանգները» պետք է փոխի, եկել է մասնագետի մոտ, այնինչ իրականում արտահոսքը եղել է բալոնի կողմից։ Հենց հասել է այստեղ մասնագետները մեքենային մոտիկ չեն եկել, ասել են, որ գնա «շլանգ» առնի բերի, որ փոխեն ու վարորդը երևի փորձել է ավտոմեքենայի մեջ սիգարետ վառի ու դուրս գա գնա խանութ ու տեղի է ունեցել պայթյունը։
Այս մասին անգամ լիցքավորման կայանում չեն զգուշացրել, որ գազի հոտ է գալիս ու այստեղ էլ մասնագետը առանց նայելու ասել է, որ շլանգներից է, դրա համար էլ այս դեպքը եղել է»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Նհո Հրաչ» ընկերության աշխատակիցները օգտագործելով հատուկ կրակմարիչներն ու մինչ շտապօգնության ժամանումը նրանք նաև օգնություն են ցուցաբերել վիրավորին։