Քննարկվել են ՀՀ-ում ու Իրանում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու կամ չեղարկելու հարցերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցերը:
Կողմերը համաձայնել են մասնագիտական խմբերի հանդիպում կազմակերպել առաջիկայում` քննարկելու գանձվող ճանապարհային հարկերի երկուստեք արտոնությունների տրամադրման հնարավոր տարբերակները:
Քննարկվել են նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումների թվայնացման, մասնավորապես` e-CMR բեռնագրերի կիրառման հետ կապված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել հարաբերությունները բեռնափոխադրումների թվայնացման ոլորտում։