Վստահ եմ՝ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, և մենք կվերադառնանք քաղաքակիրթ հաղորդակցությանը․ Մատվիենկո

ՌԴ Դաշնային ժողովի՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն վստահ է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական առաքելությունների աշխատանքի վերսկսման շուրջ բանակցությունները հաջող կանցնեն։
Մատվիենկոն փետրվարի 26-27-ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, ավելի վաղ հայտնել էր Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։
Հինգշաբթի օրը նա բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Այսօր Ստամբուլում աշխատանքային խմբեր են հանդիպել՝ լուծելու մեր դիվանագիտական առաքելությունների լիարժեք աշխատանքի վերսկսման հետ կապված հարցերը: Վստահ եմ, որ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, և մենք կվերադառնանք քաղաքակիրթ հաղորդակցությանը, որը խաթարվել էր նախորդ վարչակազմի կողմից»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Մատվիենկոն Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպումից հետո։
Այսօր Ստամբուլում տեղի է ունենում ռուս-ամերիկյան հանդիպումը՝ նվիրված երկկողմ հարաբերություններում առկա «գրգռողներին» և Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների աշխատանքի հետ կապված խնդիրներին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտարարելով առաջիկա շփման մասին, հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքները պարզ կդարձնեն, թե որքանով երկու կողմերը «կարողանան արագ և արդյունավետ առաջ շարժվել» խնդրահարույց հարցերի լուծման գործում։