Իսրայելական ուժերն ազատ են արձակել հարյուրավոր պաղեստինցիների

Իսրայելական ուժերն ազատ են արձակել շուրջ 500 պաղեստինցի բանտարկյալի։ Նրանցից 37-ը եղել են Արևմտյան ափից, 5-ը՝ Երուսաղեմից և վերադարձվել են Ռամալլահ քաղաք։ Եվս 456 բանտարկյալ վերադարձվել է Գազայի հատված։ Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «ալ-Քասամ» բրիգադը, Իսրայելին է վերադարձրել 4 պատանդի մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները։
Նշվում է, որ վերադարձված պաղեստինցի բանտարկյալների մոտ առկա են եղել մի շարք հիվանդություններ, նրանց մի մասը տեղափոխվել է հիվանդանոց։
Բացի այդ, ըստ հրապարակումների՝ Իսրայելը կասեցրել է 24 բանտարկյալ երեխաների ազատ արձակումը, քանի դեռ իսրայելցի չորս պատանդների մարմինների ինքնությունը չի հաստատվել։ ՀԱՄԱՍ-ը 4 իսրայելցի պատանդների մարմինները հանձնել էր Կարմիր Խաչին՝ որպես Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի յոթերորդ խմբաքանակի մաս:
Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր հավատարմությունը հրադադարի համաձայնագրին և պատրաստակամություն է հայտնել սկսելու հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները։
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը սկսվել է 2025 թվականի հունվարի 19-ին։ Համաձայնագիրը ներառում է 3 փուլ, որոնցից յուրաքանչյուրը տևում է 42 օր՝ պայմանով, որ հաջորդ փուլի վերաբերյալ բանակցություններ անցկացվեն մինչև ընթացիկ փուլի ավարտը: