Սա ահռելի աճ է. ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիներին աճել է 43,5 տոկոսով. Փաշինյան

2018 թվականից 2024 թվականը ներառյալ 2017 թվականի համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, այսինքն՝ ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիների ընթացքում աճել է 43,5 տոկոսով: Սա ահռելի աճ է, սա նշանակում է, որ մենք տարեկան միջինում 6,1 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 27-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններին ու աշխատակիցներին, նաև գործարար համայնքի ներկայացուցիչներին ու հարկ վճարող քաղաքացիներին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն շարունակում է լինել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա:
«Մեզ մեղադրել են, որ ճգնաժամային կառավարումը կա՛մ վատ ենք իրականացնում, կա՛մ չենք իրականացնում, կա՛մ այդպես շարունակ: Բայց, ըստ էության, 2018 թվականից շատ թե քիչ ոչ այդպիսին եղել է միայն 2019 թվականը: Մնացած բոլոր թվերը եղել են, ըստ էության, ճգնաժամային կառավարման տարիներ, և այս ճգնաժամային կառավարման պայմաններում միջինում 6,1 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել ՀՀ-ում, ինչը, կարծում եմ, առավել քան լավ և գնահատանքի արժանի ցուցանիշ է»,- ասաց նա:
Վարչապետը տեղեկացրեց՝ այժմ քննարկվում է տնտեսական քաղաքականության վերանայման հարցը, այն է՝ տնտեսական քաղաքականության նորացված ռազմավարությունը, որը նախատեսվում է, որ պետք է քննարկել տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ: