Ճանաչողական այցով Հայաստանում է Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի պատվիրակը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) ու Դանիայի արդյունաբերության ասոցիացիայի (DI) միջև հաստատված համագործակցության շրջանակներում փետրվարի 26-ին ՀԱԳՄ-ում հյուրընկալվել է DI-ի առաջատար ավագ խորհրդական Պիտեր Հելքը։
Ինչպես տեղեկացրին ՀԱԳՄ-ից, հանդիպմանը քննարկվել են երկու կառույցների միջև փոխգործակցության հետագա ծրագրերը, գործարար համայնքի շահերը ներկայացնող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, ձեռներեցության զարգացմանը միտված քայլերի արդյունավետության բարձրացման հնարավորությունները, օրինաստեղծ և տնտեսական բարեփոխումների գործընթացներում մասնավոր հատվածի գործուն մասնակցության ապահովման ուղիները։
«Առանձնակի անդրադարձ եղավ պետություն–մասնավոր հատված երկխոսության կարևորությանը և վերջինիս էլ ավելի կառուցողական բնույթ հաղորդելու գործիքակազմերին։ Այս համատեքստում Պիտեր Հելքը ներկայացրեց Դանիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում ձևավորված փորձը, կիրառվող մեխանիզմները։
ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն անդրադարձավ պետություն–մասնավոր հատված երկխոսության՝ Հայաստանում գործող եղանակներին, դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին, ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործունեության ներկայիս առաջնահերթությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ եռօրյա այցի շրջանակներում Պիտեր Հելքը հանդիպումներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ոսկեհատ Իսախանյանի, Երևանի և հարակից մարզերի կին գործատուների միության անդամների, Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի հետ։
Նախատեսված են նաև հանդիպումներ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի, «Շտիգեն» ՍՊԸ տնօրեն Հայկ Շեկյանի, «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։ Դանիացի հյուրը կայցելի նաև Երևանի պետական համալսարան, կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։