Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկումը մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՄ-ի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի տրամադրման, ինչպես նաև այս գործընթացին վերաբերելի իրավական և ինստիտուցիոնալ մի շարք հարցեր։ Քննարկման առանցքում էր նաև ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը, մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործումը:
Միջգերատեսչական նիստում ներկայացվեց ՀԸԳՀ կիրարկման ընթացքը՝ առանձնահատուկ շեշտադրումով դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված Կառավարության ձեռնարկած քայլերի և մոտարկման ու մշտադիտարկման կարողությունների լավարկման ուղղությամբ ներդրվող նոր մեխանիզմների վրա։ Այնուհետև ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցեցին ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։
Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման և մշտադիտարկման նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքները։ Մհեր Գրիգորյանը, ընդգծելով ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը՝ որպես Կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի առանցքային մաս, համապատասխան հանձնարարականներ է տվել։