Գվարդիոլան չի համաձայնել, որ կարիերայի ամենաբարդ փուլն է ապրում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք «քաղաքայիների» ներկայիս խնդիրները նրա պրոֆեսիոնալ կարիերայի ամենադժվա՞ր մարտահրավերն են: Պրեմիեր լիգայի 26 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 20 միավորով։
«Ոչ: Մենք նախկինում անցել ենք դրա միջով: Ինը տարի անց մենք չունենք նույն թիմը, որով սկսել ենք: Սա ամենամեծ խնդիրը չէ, ավելի մեծերն են եղել։ Երբ ես նոր էի սկսում կարիերաս, իմ և իմ թիմի առջև բազմաթիվ մարտահրավերներ են առաջ եկել, և մենք միասին ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել դրանք»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում իսպանական AS առցանց հրատարակությունը:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» է 2016 թվականից։ Նախկինում իսպանացին մարզել է Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան»: