Թրամփը կողմ է Ուկրաինայում խաղաղապահների տեղակայմանը՝ կողմերի համաձայնությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում խաղաղապահ զորակազմ տեղակայելը, որը կգոհացնի բոլոր կողմերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
«Անհրաժեշտ է խաղաղապահ զորակազմի այնպիսի ձև, որը կգոհացնի բոլորին», - ասել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի առարկում եվրոպական երկրներից խաղաղապահների տեղակայմանն Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ անիմաստ է համարում ամերիկյան խաղաղապահ զորակազմի տեղակայումն այնտեղ, քանի որ ԱՄՆ-ն հեռու է, և իրենց միջև կա օվկիանոս։