Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ:
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ Ֆրանկոֆոն միջոցառումներին նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հանրային ընդգրկվածությամբ։
«Ֆրանկոֆոն միջոցառումներում ներգրավված է կրթական և մշակութային 500-ից ավելի հաստատություն, ինչը ցույց է տալիս, որ տարեցտարի գործընթացն ավելի մեծ թափ է հավաքում, ինչը, վստահ եմ, նպաստելու է Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացմանը»,- ասել է նախարարը:
Ըստ նրա՝ անցկացվող միջոցառումները լինելու են նաև յուրօրինակ հարթակներ՝ խոսելու ֆրանկոֆոն երկրներին միավորող արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդասիրության և այլնի մասին:
Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցը կարևորել է ֆրանկոֆոն երկրների ներդրումն արժեքների տարածման, ֆրանսերենի հանրահռչակման գործում և նշել, որ ֆրանկոֆոնիայի նպատակը նաև տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության ստեղծումն է: Նա առանձնակի կարևորել է 2027 թ. ֆրանկոֆոն խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով այդ աշխատանքներին սատարելու պատրաստակամությունը:
Քննարկման ընթացքում ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվող առանցքային ծրագրերը, որոնք իրականացվելու են կրթական և մշակութային կազմակերպությունների հետ համատեղ՝ «Գոնկուրի 2025 թվականի Հայաստանի մրցանակ», «Մշակութային ճանապարհորդության ֆրանկոֆոն կանգառները», «ԱԶՆԱՎՈՒՐ. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով», «Մանուշյան․ այսօր ժամը 15-ին» և այլն։
Դեսպանները ևս առանձնաբար ներկայացրել են երկամսյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները, որոնք իրականացվելու են տարբեր ձևաչափերով և տարբեր հաստատություններում: Դրանք հիմնականում ներառում են ֆիլմերի ցուցադրություններ նաև ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի շրջանակում, դասական երաժշտության համերգներ, Շառլ Ազնավուրին նվիրված բանախոսություններ և այլն:
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք 10-րդ Ֆրանկոֆոն խաղերի ընթացիկ կազմակերպչական մի շարք հարցեր: