Ռեալ Սոսյեդադի մարզիչը մեկնաբանել է Արսեն Զախարյանի նոր վնասվածքը

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նոր վնասվածքի մասին, որը նա ստացել է Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղում (3:0).
«Ինչ վերաբերում է Զախարյանին, ապա դա շատ տխուր է և՛ նրա համար, որովհետև նա մեծ ջանքեր է գործադրել նախկին վնասվածքից հետո վերականգնվելու համար, և՛ թիմի համար, քանի որ Արսենը մեզ շատ կօգներ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Ալգուասիլի խոսքերն է մեջբերում COPE-ը։
Ավելի վաղ «Ռեալ Սոսյեդադը» հայտնել էր, որ Զախարյանն այդ խաղում ուղիղ ազդրի մկանի վնասվածք է ստացել:
Ընթացիկ մրցաշրջանում, տարբեր վնասվածքներից և հիվանդություններից ձգձգվող ապաքինման պատճառով Զախարյանը Լա Լիգայի ընդամենը երեք հանդիպման է մասնակցել և միայն Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում իր առաջին խաղն է անցկացրել բասկյան թիմի մեկնարկային կազմում։ Եվս մեկ խաղի Զախարյանը մասնակցել է Չեմպիոնների լիգայում: Ընդհանուր առմամբ, «Դինամոյի» նախկին խաղացողը չորս խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հաջորդ խաղում բասկերը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում սեփական հարկի տակ կհանդիպեն Մադրիդի «Ռեալին»։ Խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 26-ին։ Արսենը չի մասնակցի հանդիպմանը։