Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումներին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նախաձեռնությունը համալրվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով.
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական անձանց՝ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում (ներառյալ դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջված պարտավորությունների)՝ անկախ վերոնշյալ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձանց գրանցման ճանաչման փաստից, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավառուի՝ սույն կետում նշված պարտավորությունից բխող ֆինանսական կորուստները որևէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով և չափով վերականգնվել են (փոխհատուցվել են)ե:
Նախագիծը նպատակ ունի ստեղծված իրավիճակում ֆինանսական կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն տալ իրացնել գրավի իրենց իրավունքը, ինչպես նաև զերծ պահել ֆինանսական համակարգը հնարավոր բացասական հետևանքների ազդեցությունից:
Առաջարկվող լրացումը հստակեցրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով. «Այն կանոնակարգումները, որոնք մենք նախատեսեցինք «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում, նպատակ են հետապնդում ապահովել անհրաժեշտ գործունեության դաշտ Լեռնային Ղարաբաղի իրավաբանական ընկերություններին Հայաստանի Հանրապետությունում, և նպատակն այն է, որպեսզի վերջինները կարողանան բնականոն շարունակել իրենց գործունեությունը: Բայց այդ կանոնակարգումները որևիցե եղանակով ուղղված չեն նրան, որ որևէ ընկերություն խուսափի պատասխանատվությունից, որովհետև իրավախախտումից իրավունք չի կարող ծնվել: Եվ այն բոլոր պարագաներում, երբ ունենք իրավիճակ, երբ առկա է փաստացի պարտավորություն, այդ թվում՝ գրավով ապահովագրված, դրանք պետք է կատարվեն: Սա կարևոր նախաձեռնություն է, և մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ սոսկ չգրանցվելը չի կարող հիմք հանդիսանալ պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու համար»:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: