Իսրայելական օդուժը թիրախավորել է սիրիական մի քանի շրջաններ

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից հարավ գտնվող ալ-Քիսուա բնակավայրի, ինչպես նաև Դարաայի և Կունեյտրայի նահանգների ռազմական հենակետերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը:
Միևնույն ժամանակ իսրայելական ցամաքային ուժերը ներթափանցել են Դարաայի և Կունեյտրայի նահանգների մի քանի շրջաններ՝ թիրախավորելով զորանոցներ։
Դամասկոսի բնակիչները հայտնել են, որ Դամասկոսի, Կունեյտրայի, Դարաայի և սիրիա-լիբանանյան սահմանի մոտակայքում լսվել են ցածր բարձրության վրա թռչող օդանավերի ձայներ, ինչպես նաև լսվել են մի քանի պայթյուններ։
Իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը հայտնել է, որ «Սիրիայի հարավում մարտական տեխնիկայի և ռազմական ուժերի առկայությունը վտանգ է ներկայացնում Իսրայելի քաղաքացիների համար»՝ ընդգծելով, որ իսրայելական բանակը «կշարունակի աշխատել ցանկացած սպառնալիքի վերացման ուղղությամբ»։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ իսրայելական օդուժն «ուժգին հարձակումներ է գործում Սիրիայի հարավում»՝ ընդգծելով, որ «սիրիական բանակի ցանկացած փորձ՝ կառուցելու և ընդլայնելու իր կարողությունները հարավային Սիրիայի տարածքներում, կդիմավորվի կրակով»:
Այս զարգացումները տեղի են ունեցել Սիրիայում Ազգային երկխոսության համաժողովի ամփոփիչ հայտարարության հրապարակումից ժամեր անց, որով սիրիական իշխանությունները դատապարտել են Իսրայելի ներխուժումը սիրիական տարածք՝ կոչ անելով Իսրայելին անհապաղ հեռանալ երկրի հարավից:
Իսրայելական ուժերը փետրվարի 26-ի առավոտյան հետ են քաշվել Դարաայի և Կունեյտրայի գյուղական շրջաններից՝ Սիրիայի տարածք ներխուժումից ժամեր անց։