Խոշոր հրդեհ՝ Երևանում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան փողոցի տներից մեկի տանիքում կրակ և ծուխ են նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն - Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է 2 տան տանիքներում և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել են հրդեհը, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։