«Ինչի՞ վրա եք հրճվում», «Առաջարկում եմ՝ հաջորդ նիստին մենք բոլորս դիմակներով գանք»․ լարված իրավիճակ՝ դատական նիստերի դահլիճում
Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 25-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանին առաջադրված նոր մեղադրանքի վերաբերյալ վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանը նախքան դիրքորոշում հայտնելը նշեց, որ Օհանյանը հաշվառված է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում, միջնորդության մեջ սխալ տվյալներ են նշվել։
«Հանրահայտ փաստ է, որ Սեյրան Օհանյանը ԱԺ պատգամավոր է, «Հայաստան» խմբակցության ղեկավար, հանրային մեղադրողները վերջինիս պատգամավոր լինելու հանրահայտ փաստը թաքցնում են։ Այսինքն՝ ես պետք է հիմա ապացուցեմ, որ Սեյրան Օհանյանը ԱԺ պատգամավոր է»,-ասաց պաշտպանը՝ ներկայացնելով Սեյրան Օհանյանի՝ ԱԺ պատգամավոր լինելու մասին տվյալները։
Հարցի քննարկման ընթացքում նախագահող դատավորը փաստաբաններ Արամ Օրբելյանի և Արամ Վարդևանյանի վրա բարկացավ, հարցրեց՝ ինչի վրա են ծիծաղում, հրճվում։
Օրբելյանը պատասխանեց․ «Դատախազության անտեղյակության վրա, որ պարոն Օհանյանի՝ ԱԺ պատգամավոր լինելու հանգամանքի մասին տեղյակ չի եղել և արձանագրել է՝ ինքը թոշակառու է, փոխանակ արձանագրի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր է, խմբակցության ղեկավար, դրա վրա ժպտում եմ, իրավունք չունե՞մ ժպտալու»։
Նախագահող դատավորը նկատողություն հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին, նրանց միջև հետևյալ բովանդակությամբ խոսակցություն տեղի ունեցավ․
– Ռոբերտ Քոչարյան, ոտքի՛ կանգնեք, էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում։ Դատարանը Ձեզ նկատողություն է հայտարարում՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար։
– Ադեկվատության խնդիր եմ այստեղ տեսնում։ Չշարժվել, չշնչել, չծիծաղել, չժպտալ, էլ ի՞նչ չանենք․ ես առաջարկում եմ՝ հաջորդ նիստին մենք բոլորս դիմակներով գանք, ես լուրջ կոմպլեքսների խնդիր եմ տեսնում։
– Արձանագրվեց Ձեր դիտարկումը, նստեք։
Մանրամասները՝ տեսանյութում։