Հայաստանը պատրաստակամ է ընդլայնելու ՀՀ-Քուվեյթ օրակարգը երկկողմ և բազմակողմ հարթակներում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և գահաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Մուբարաք Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ:
Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հարաբերությունները և պատրաստակամ է ընդլայնելու Հայաստան-Քուվեյթ օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում` ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ քուվեյթցի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և բարօրություն»:
Քուվեյթի Պետության գահաժառանգին ուղղված ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ բարեկամական կապերի ու փոխշահավետ համագործակցության հետևողական ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկուստեք պատրաստակամությունը։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և մոտ ապագայում նոր թափ հաղորդել Հայաստան-Քուվեյթ բարեկամական հարաբերություններին:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ քուվեյթցի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։