Արման Թաթոյանը կդառնա՞ «Ժառանգություն» կուսակցության նախագահ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը կարող է, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում կուսակցության շարքերը կհամալրի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն էլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի «Ժառանգության» ղեկավար:
«Փաստը» դիմեց «Թաթոյան» հիմնադրամ՝ ճշտելու այս տեղեկությունը, որտեղից մեզ պատասխանեցին հետևյալը. «Կոնկրետ այդ հարցի հետ կապված վերջին մի քանի տարիներին պարոն Թաթոյանի հետ տարբեր քաղաքական գործիչներ ու կազմակերպություններ անընդհատ տարբեր թեմաներով քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացնում, նրա անունը կապում են նման իրադարձությունների հետ: Ամեն դեպքում դրանք բնականոն գործընթացի մաս են, որն ընթանում է, և կարևոր են:
Պարոն Թաթոյանը տարբեր հարցազրույցների, հրապարակային ելույթների ժամանակ մշտապես շեշտել է, որ երբ որոշի քաղաքական նշանակության որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել կամ որոշում կայացնել, հենց ինքն էլ այդ մասին հրապարակային կհայտարարի: Նա անձամբ ամեն ինչ կասի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: