Թուրքիան դե ֆակտո չի կարող ռուս-ուկրաինական կոնֆլիկտում միջնորդ հանդես գալ, քանի որ կողմ է. թուրքագետ

Թուրքիան դե ֆակտո չի կարող ռուս-ուկրաինական կոնֆլիկտում միջնորդ հանդես գալ, քանի որ կողմ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ խոսելով ռուս-ուկրաինական կոնֆիկտում վերջին զարգացումների մասին:
«Գաղտնիք չէ, որ մի քանի օր առաջ նաեւ Զելենսկին էր այցելել Թուրքիա, դրա ընթացքում խոսվել էր ամերիկյան եւ ռուսական կողմի հանդիպման մասին Սաուդյան Արաբիայում եւ Լավրովը այցելեց Թուրքիա վերջին լուրերի թարմացումով՝ անյելու Թուրքիայի հիմնական տեսակետները՝ ամերիկա-ռուսական կարգավորման հետ կապված: Շատ կարեւոր է Թուրքիայի տեսակետը, քանի որ ինչքան էլ Թուրքիան նշում է, որ պատրաստ է հարթակ դառնալ, որպես միջնորդ հանդես գալ, Թուրքիան դե ֆակտո չի կարող, քանի որ ինքը կարծես կողմ է, ինչ առումով, որ վերջին հանդիպման ժամանա Զելենսկին շնորհակալություն հայտնեց Թուրքիային ռազմական օգնություն ցույց տալու համար: Դա Ռուսաստանն էլ գիտի, ամբողջ աշխարհն էլ գիտի, սկսած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերից մինչեւ իսկ հետեւակային զրահամեքենաներ: Այսինքն այս համատեքստում Ռուսաստանը միամիտ չէ, որ Թուրքիային դիտարկի որպես միջնորդ, սակայն Թուրքիան շատ կարեւոր գործոն է, քանի որ արեւմտյան եւ ամերիկյան պատժամիջոցների այս շրջանը Թուրքիայի միջոցով է հաղթահարում»,-ասաց նա:
Թուրքագետը նշում է, որ Լավրովի նպատակներից մեկը Սիրիայում ռուսական ռազմաբազաների հետագա ճակատագրի հետ է կապված:
Հարցին, թե որքանով է իրատեսական, որ Թուրքիան զորախումբ կուղարկի Ուկրաինա, թուրքագետն ասաց, որ եթե ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայղելու համաձայնության գան, ապա տարբերություն չի լինի անգլիական խաղաղապահ կլինի, թե Թուրքիայից կլինեն: