Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը

Ուկրաինայում պատերազմի մեկնարկի տարելիցին Եվրամիության (ԵՄ) երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Այս մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի կայքում։
Սահմանափակումները վերաբերում են 48 ֆիզիկական անձի և 35 կազմակերպության։ Բացի այդ, Խորհուրդը ներմուծել է երկու նոր չափորոշիչ, որոնք թույլ են տալիս պատժամիջոցների ցուցակներում ընդգրկել ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի նավերի» սեփականատեր են կամ դրանք շահագործում են, ինչպես նաև աջակցում կամ «օգուտներ են ստանում» Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրից: Այսպիսով, երրորդ երկրներից ևս 74 նավ հայտնվել է ԵՄ նոր սահմանափակումների ցուցակում։
Բացի այդ, եվրոպական իշխանությունները SWIFT միջազգային վճարային համակարգից անջատել են 13 ռուսական բանկի և Ռուսաստանից դուրս ստեղծված վարկային ու ֆինանսական հաստատություններին արգելել են գործարքներ իրականացնել՝ օգտագործելով Ռուսաստանի բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը (SPFS):
Լրացուցիչ սահմանափակումներ են դրվում նաև ապրանքների և տեխնոլոգիաների, այդ թվում՝ նավթի և գազի հետախուզման հետ կապված ծրագրերի արտահանման հանդեպ։
Բացի այդ, Եվրոպական իշխանությունները չեղարկել են ռուսական ութ լրատվամիջոցի՝ EADaily-ի, Strategic Culture Foundation-ի, Lenta-ի, News Front-ի, RuBaltic-ի, SouthFront-ի և Zvezda հեռուստաալիքի արտոնագրերը:
Ավստրալիան և Նոր Զելանդիան նույնպես նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ: Ավստրալիան ցանկում ներառել է 70 ֆիզիկական անձի և 79 կազմակերպության, որոնք կապված են Ռուսաստանի հետ, Նոր Զելանդիան՝ 27 ֆիզիկական և 25 իրավաբանական անձի։