Կալասը փետրվարի 25-ին կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու Ռուբիոյի հետ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ փետրվարի 25-ին կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Դա կլինի Կալասի առաջին հանդիպումը Թրամփի վարչակազմի դիվանագիտության ղեկավարի հետ։
Կայա Կալասը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև խաղաղության պայմանավորվածությունները չեն աշխատի, քանի դեռ դրանց չեն աջակցել ԵՄ-ն ու Ուկրաինան։ Այդ մասին նա հայտարարել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է նաև, որ Եվրամիությունն աջակցում է Վոլոդիմիր Զելենսկու՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելուն։
Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունների ժամանակ «պետք չէ ընտրություններ անցկացնել»։ «Ընտրություններում մենք պայքարում ենք միմյանց դեմ, իսկ Ուկրաինայում այնպիսի իրավիճակ է, երբ կա արտաքին թշնամի, և պետք է բոլոր ուժերն ուղղել նրա դեմ»,- կարծում է Կալասը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններում «շատ լայնորեն ներկայացված են ռուսական նարատիվները»: