Սիսիանում հուղարկավորել են հոսպիտալում մահացած 21-ամյա զինծառայողին
Զինվորական հոսպիտալում հիվանդության հետևանքով մահացած 21-ամյա ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանին այսօր՝ փետրվարի 24-ին հուղարկավորել են հայրենի Սիսիան քաղաքում։
NEWS.am-ը գրում է, որ Արտակ Վարդանյանը ծառայում էր Իջևանում։ Զորամասի բուժկետի հսկողության տակ է եղել փետրվարի 15-ից, վիճակը վատացել է, Երևանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել, որտեղ էլ մահացել է մեկ օր անց։
Նախնական տվյալով՝ զինծառայողի մահվան պատճառը թոքաբորբն է եղել։
ՊՆ-ից հաղորդել էին, թե ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը արդյունք չեն տվել:
Արտակը Վարդանյանը միակողմանի ծնողազուրկ էր, հայրը մահացել է 2014 թվականին։ Նախքան բանակ զորակոչվելը աշխատում էր՝ մոր հոգսը թեթևացնելու համար։ Զուգահեռ սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ ուսումը կիսատ էր թողել՝ զորակոչվելով բանակ։