Փրկարարներն իրականացնում են սառցալեզվակների և գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ

Քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունը, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության հետ, Երևանում և մարզերում իրականացրել է սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հասարակական նշանակություն ունեցող շինությունների և բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից իրականացրել են կախված սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ։
Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել են ահազանգեր կամուրջներից, թունելներից, բնակելի շենք-շինություններից, դպրոցների և մանկապարտեզների տանիքներից կախված սառցալեզվակների վերաբերյալ:
Սպասարկված դեպքերը հիմնականում կապված են եղել վարչական շենքերի, կամուրջների, թունելների և դպրոցների տանիքներից կախված սառցալեզվակների հետ:
Սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաև հալոցքի անկանխատեսելի հետևանքները բացառելու նպատակով աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։