Արմավիրում բախվել են «Lexus»-ն ու «BMW»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «BMW»-ն էլ բախվել է գազատար խողովակների հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի մարզի վթարավերականգնողականի աշխատակիցները:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: