Ընդամենը 1 մեքենա է եղել ամառային անվադողերով․ ՆԳՆ-ն սխալ հանեց Ավինյանին

Երևանի 9 տոկոսանոց քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական նիստի ժամանակ ուրբաթ օրը տեղացած առատ ձյան ժամանակ քաղաքապետարանի անգործությունը կամ վատ, անկազմակերպ աշխատանքի համար ոչ թե ներողություն խնդրեց իրեն քվե տված ու չտված քաղաքացիներից, այլ Նիկոլ Փաշինյանի ոճով փորձեց իրենց մեղքը ուրիշների վրա բարդել։
Այս անգամ, սակայն, Ավինյանը նախկինների փոխարեն մեղքը բարդեց գործընկեր գերատեսչությունների վրա։ Ըստ Ավինյանի՝ այդ օրը առաջացած խցանումների 80 տոկոսը ամառային անվադողերով երթևեկելու, նաև ԱՊՊԱ-ների հետևանքով է եղել։ Այսինքն՝ Տիգրան Ավինյանը ուղիղ տեքստով մեղադրեց Պարեկային ծառայությանը՝ «բոչկա գլորելով» ՆԳՆ-ի վրա։
Կարճ ասած՝ «վատ պարողին կոնկրետ բանն է խանգարում» տրամաբանության մեջ։
«Խցանումների առաջացման պատճառների ուղիղ երևի թե 80 տոկոսը պայմանավորված էին ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով։ Այսինքն՝ էդ ԱՊՊԱ-ներն առաջանում էին հիմնականում էն ավտոմեքենաների մոտ, որոնք ամառային անվադողերով էին դուրս եկել էդ օրը»,- ասաց Ավինյանը՝ ակնարկելով, թե երևի պարեկային ծառայությունը խիստ չի եղել այս հարցում, որ թույլ է տվել ձմեռվա կեսին մարդիկ ամառային անվադողերով երթևեկեն։
Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, որ պետք է պարզապես գլխի ընկներ, որ փետրվարին նաև ձյուն է գալիս, և ժամանակին ու կազմակերպված ձևով տեխնիկան դուրս բերեր՝ փողոցները մաքրելու, այսօր մեղավորներ է փնտրում իրենց անգործությունն արդարացնելու համար։
Այսինքն՝ մեղավոր են պարեկները, որ իրենց բան ու գործը թողած՝ այդ օրը քաղաքապետարանի աշխատակիցների ֆունկցիան էին նաև կատարում, այդ ցրտին մեքենաներն էին հրելով դուրս բերում արգելափակումից, քաղաքապետարանի անգործության հետևանքով սոդոմ-գոմորի վերածված երթևեկությունն էին փորձում կարգավորել, և մեղավոր են վարորդները, որոնց «80 տոկոսը ամառային անվադողերով էին դուրս եկել փողոց», ու պարեկներն էլ, երևի, դա չեն նկատել։
Նախ պետք է Տիգրան Ավինյանին հուշել, որ եթե ինքը կյանքում գոնե մեկ անգամ մեքենա է վարել ձմռանը, ապա պիտի հասկացած լիներ, որ եթե փողոցները մաքրած չեն, ու գետինը սառած է կամ թաց ձյուն է նստած, ապա անգամ լրիվ նոր ու ամենահզոր ձմեռային անվադողով երթևեկելու պարագայում, միևնույն է, մեքենան սահելու է և չկարողանա նորմալ արգելակել։ Եվ որպեսզի այդ ամենից խուսափեն, պետք է ընդամենը ժամանակին մաքրել փողոցներն ու աղ ու ավազով մշակել, ինչը պատշաճ չեն իրականացրել քաղաքային իշխանությունները։
Երկրորդ․ որտեղի՞ց Ավինյանին այդպիսի վիճակագրական տվյալ, որ հենց այդ օրը վարորդների «ուղիղ 80 տոկոսը» ամառային անվադողերով է դուրս եկել փողոց։ Հերթով բոլոր մեքենաների անվադողերը ստուգել են, և քաղաքապետարանից ինչ-որ մեկը նստած՝ վիճակագրությո՞ւն է վարել։
Այս տվյալը ճշտելու համար MediaHub-ը դիմեց ՆԳՆ-ին, թե քանի՞ վարչական արձանագրություն են կազմել այդ օրը ամառային անվադողերով երթևեկելու համար կամ որքանո՞վ է Ավինյանի ասած այդ 80 տոկոս թիվը համապատասխանում իրականությանը։
Ի պատասխան մեր հարցման՝ ՆԳՆ-ից այսպիաի թվեր տրամադրեցին․ «Փետրվարի 20-24-ը՝ մինչև ժամը 08:00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Նշված 482 պատահարի հաշվառմամբ՝ ընդամենը 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռյաին մաշված անվադողերով»։
Փաստորեն, ըստ ՆԳն-ի հրապարակած տվյալների՝ նշված ժամանակահատվածում ընդամենը 1 մեքենա է եղել ամառային անվադողերով։ Սա նշանակում է, որ Ավինյանը դիտավորյալ կամ ոչ գիտակցաբար և կեղծ տվյալներ է ներկայացնում՝ այդպիսով մոլորության մեջ գցելով հանրությանն ու փորձելով այդ մանիպուլյացիաներով արդարացնել իր վատ աշխատանքը։