«Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը». ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում

Մարտի 6-ին Երևանի պատմության թանգարանում կբացվի «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ այցելուներին կներկայացվեն 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, արդուզարդի բազմազան պարագաներ և ասեղնագործության նմուշներ, որոնցից շատերը կցուցադրվեն առաջին անգամ:
Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է հատկացված կնոջ ներքնազգեստին՝ որպես յուրաքանչյուր դարաշրջանի նորաձևության պատկերը ներկայացնող հանդերձանքի պարտադիր մասնիկի: Մուտք գործելով քաղաքային կենցաղ 19-րդ դարի վերջին` ներքնազգեստը դադարում է միայն հագուստի մաս լինելուց՝ վերածվելով կանացիության, նրբագեղության և պչրանքի հոմանիշ: Երևանցի կանայք ուշի ուշով հետևել են եվրոպական նորաձևության զարգացումներին՝ տեսադաշտից բաց չթողնելով նաև ներքնազգեստը, ինչը խնամքով թաքցվում էր նրանց զգեստապահարանի խոր դարակներում:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև նմուշներ ասեղնագործության ավանդույթներով հայտնի Կարս, Խարբերդ, Կեսարիա, Այնթափ, Հալեպ, Դամասկոս, Երևան, Ալեքսանդրապոլ և այլ քաղաքներից: Վերոհիշյալ քաղաքների ասեղնագործության դպրոցների ներկայացուցիչներից շատերը, բնակություն հաստատելով Երևանում և իրենց հետ բերելով դարերով ամրացած ավանդույթներ, նպաստել են նաև տեղական արհեստի զարգացմանը:
Կանացի արդուզարդի և հանդերձանքի խանութները հին Երևանում բազմաթիվ էին, որոնք իրենց գովազդները տեղադրում էին քաղաքում լույս տեսնող թերթերում (օրինակ «Երևանյան հայտարարություններ» թերթում): 20-րդ դարի սկզբին տղամարդու և կանացի ներքնազգեստի լայն տեսականի, գուլպաներ, ձեռնոցներ, ամենատարբեր ժանյակներ, ծածկոցներ, ձեռագործի պարագաներ կարելի էր գտնել «Նադեժդա» արդուզարդի խանութում: Նույն ժամանակաշրջանում Վարդանյան եղբայրների մանուֆակտուրային խանութում վաճառվում էին արտասահմանյան և ռուսական հայտնի ֆաբրիկաների ամենատարբեր ապրանքներ, իսկ Տեր-Օհանյանցի խանութում կարելի էր ձեռք բերել նորաձև գուլպաներ և սեղմիրաններ:
Հանդերձանքի և արդուզարդի բազմապիսի խանութներից բացի, Երևանում ապրել և աշխատել են նաև դերձակներ և ասեղնագործ վարպետներ, որոնք անմիջապես ընդօրինակում էին նորույթները: Նրանց կարած և ասեղնագործած հագուստը նույնպես մեծ պահանջարկ էր վայելում երևանցիների շրջանում:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 6-ին՝ ժամը 17:30-ին: Այն նվիրված է կանանց տոներին և կգործի շուրջ մեկ ամիս: