Լավրովն ու Ֆիդանը հանդիպել են Անկարայում․ ի՞նչ են քննարկել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։
Լավրովն Անկարա է ժամանել փետրվարի 23-ին։ Ֆիդանի հետ հանդիպման ընթացքում նա, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև Սաուդյան Արաբիայում կայացած խորհրդակցությունների արդյունքները։ Բացի այդ, թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով գագաթնաժողովը։
Քննարկվել է նաև Սիրիայի շուրջ բանակցային գործընթացը: Լավրովի այցը տեղի է ունեցել Դամասկոսի նոր իշխանությունների հետ կապեր հաստատելու Մոսկվայի ցանկության ֆոնին, քանի որ Թուրքիան ավելի սերտ կապեր ունի սիրիական կողմի հետ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո։
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին ավելի վաղ հայտնել էր, որ Ֆիդանն ակնկալում է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում։
Թուրքիայի ղեկավարի վարչակազմն իր հերթին հայտնել էր, որ Լավրովին կընդունի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։